ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը ՀԱԷԿ

26.08.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը ՀԱԷԿ

Ս/թ օգոստոսի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ դեսպանության տնտեսական հարցերով մասնագետներ Ալեքսեյ Հովակիմյանի և Քրիստոֆեր Էլիսի ուղեկցությամբ այցելել է ՀԱԷԿ:

Հյուրերը ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին:

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի Տուրբինային արտադրամասում, եղել են կենտրոնական կառավարման վահանակի (ԿԿՎ) և բլոկի կառավարման վահանակի (ԲԿՎ) սենյակներում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին, ինչպես նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ ՀԱԷԿ-ում իրականացված ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքներին:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ::

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել անկեղծ և բաց քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել Էներգաբլոկի շահագործման ընթացքում անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացման և կայանի երկարաժամկետ աշխատանքի ապահովման հարցերին, ինչպես նաև թարմ միջուկային վառելիքի ձեռքբերման, աշխատած միջուկային վառելիքի պահեստավորման և միջուկային վառելիքի հաշվառման ու պահման ամբողջ գործընթացի վերահսկման իրականացմանը ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից: Մասնավորապես, ԱԷՄԳ-ի կողմից վերահսկումն իրականացվում է տեսահսկման՝ ուղիղ միացման տարբերակով, և մինչ այժմ որևէ թերացում չի արձանագրվել՝ աշխատանքները կատարվում են պատշաճ և բարձր մակարդակով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին  շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հայտնեց իր գոհունակությունը և հույս հայտնեց՝ հետագայում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ: