02.07.2021
ՀՀ-ՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ
Ս/թ հուլիսի 2-ին ՀԱԷԿ-ում էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Հանդիպման օրակարգում հայ-լեհական համագործակցության ընդլայնումն էր, մասնավորապես՝ լեհական արդյունաբերական ձեռնարկությունների հնարավոր ներգրավումը ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակներում պահանջվող մատակարարումների գործընթացում:
Դեսպանը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ նախ շրջայց կատարեց կայանի տարածքում. Տուրբինային արտադրամասում տեղում ծանոթացավ մեքենասրահի հիմնական սարքավորումներին, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակի համակարգերին և սարքավորումներին:
ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել լեհական կողմի համար մատակարարման բնագավառում, ընդ որում՝ ոչ միայն ատոմակայանի համար սպեցիֆիկ սարքավորումների և համակարգերի, այլ նաև ատոմակայանի բնականոն և անխափան աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ այլ տարաբնույթ ապրանքների ձեռքբերման առումով:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել բոլոր իրատեսական հնարավորությունները՝ փոխշահավետ համագործակցություն ապահովելու համար: