ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

06.03.2023

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

Այսօր՝ ս/թ մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայկական ԱԷԿ՝ ծանոթանալու ռազմավարական օբյեկտի 2022թ. գործունեության ամփոփ հաշվետվությանը։

Աշխատանքային այցին մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը, ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պ/կ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հաշվետու տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել ատոմակայանի տարածքում, տեղում ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված ու արդիականացված հիմնական և օժանդակ համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում՝ բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, ինչպես նաև կայանի անվտանգ շահագործման համար պատասխանատու այլ համակարգերի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

2016 թվականին լրացել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995 թվականից ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100% ջերմային հզորությամբ (92%-ի փոխարեն)։    

Շրջայցից հետո կայացած խորհրդակցության ընթացքում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով, որի ընթացքում անդրադարձ է եղել թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագծին. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թվականների ընթացքում, արդեն մշակվել և ՀՀ ՄԱԿ կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։

Հանդիպման ընթացքում վարչապետին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել նաև կայանի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Քննարկվել են նաև ՀՀ էներգետիկայի բնագավառի ռազմավարության հեռանկարները՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի արտադրության համաշխարհային առաջատարների փորձն ու գործունեությունը։

Անդրադառնալով կայանի հիմնախնդիրներին ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ՀԱԷԿ-ի ողջ անձնակազմը պատրաստ է մեծ հետևողականությամբ և պատասխանատվությամբ շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ատոմակայանի անվտանգ և հուսալի շահագործման:

Վարչապետ Ն. Փաշինյանը ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում կարևորել է ատոմակայանի գործունեության արդյունավետության շարունակական բարելավումը: