ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ «ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ»

27.01.2022

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ «ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ»

Բանակի օրվան ընդառաջ՝ ս/թ հունվարի 27-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանում հիշատակի միջոցառում անցկացվեց, որը կազմակերպել էին ՀԱԷԿ-ի աշխատակիցներ Գոռ Մարտիրոսյանը և Գայանե Աբգարյանը:
«Հավերժի ճամփորդ» խորագրով հուշ-ցերեկույթը նվիրված էր Արցախյան պատերազմին մասնակցած և իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած ՀԱԷԿ-ի աշխատակիցներ Արամ Փարսադանյանին, Լևոն Հարությունյանին և Խորեն Սիմոնյանին:
Արցախյան 44-օրյա պատերազմին չէր կարող անմասնակից մնալ նաև ՀԱԷԿ-ի անձնակազմը. մեր գործընկերներից շատերն առանց հապաղելու կամավորագրվեցին և անձնվիրաբար մասնակցեցին դաժան մարտերին: «Մահ իմացյալ»-ն ընտրեցին նաև Արամը, Լևոնն ու Խորենը, ընտրեցին ու հազարավոր նահատակների հետ հավերժի ճամփորդ դարձան…
Միջոցառումն, ինչ խոսք, հուզիչ էր և տպավորիչ, բայց և՝ շատ պարտավորեցնող, պարտավորեցնող՝ նաև նրա՛նց չապրածն ապրելու, նրա՛նց չիրագործածն իրագործելու, նրա՛նց լուսավոր ու նվիրական երազանքներն իրականացնելու: «Իսկ այդ ամենին հասնելու միայն ու միայն մեկ ճանապարհ կա՝ համախմբվել, մեկ բռունցք դառնալ և մեր գործով, յուրաքանչյուրս մեր բաժին պատասխանատվությամբ շենացնել ու հզորացնել մեր երկիրը»,- իր եզրափակիչ խոսքում նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: