«ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԷԿ-ՈՒՄ

13.08.2021

«ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԷԿ-ՈՒՄ

Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) հետ համագործակցության շրջանակներում ՀԱԷԿ-ում առաջին անգամ կիրականացվի «Կազմակերպչական դիագնոստիկա» փորձնական գործընթացը: 
Այդ նպատակով ս/թ օգոստոսի 12-ին և 13-ին նախնական այցով Հայկական ատոմակայանում էին ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի փոխտնօրեն Ս. Վիբորնովը և ՇԿՀԱ Ատլանտյան կենտրոնի (ԱՄՆ) փորձագետ Էլերի Մոնրո Շումեյքերը: Փորձնական գործընթացի նպատակն է աջակցել Ասոցիացիայի անդամ կազմակերպություններին՝ առաջնորդության ոլորտի զարգացման, կատարելագործման, կազմակերպչական հարցերում դրական փորձի փոխանակման գործում:
Գործընթացն առաջինն է ինչպես ՀԱԷԿ-ի, այնպես էլ ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի համար, այնինչ Ատլանտյան կենտրոնում այն գործում է արդեն 5 տարի և կիրառվել է ԱՄՆ 9 ատոմակայաններում: 
Կազմակերպչական դիագնոստիկան կտևի երկու շաբաթ. ստուգման արդյունքում կուսումնասիրվեն կայանի գործունեության կոնկրետ ուղղություններ և ասպեկտներ, արդյունքում կգնահատվի Հայկական ԱԷԿ-ի ընդհանուր կազմակերպչական վիճակը (հատկապես առաջնորդության ոլորտում): 
Կազմակերպչական դիագնոստիկայի անցկացումը Հայկական ԱԷԿ-ում թույլ կտա կատարելագործել այդ գործընթացը՝ հետագայում այն աշխարհի այլ ատոմային կայաններում կիրառելու նպատակով: