«ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱԷԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

13.09.2021

«ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱԷԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

Ս/թ սեպտեմբերի 2-ից 10-ը իրականացվեց Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) «Կազմակերպչական դիագնոստիկա» փորձնական գործընթացը:   ՇԿՀԱ փորձագիտական թիմի կազմում ընդգրկված էին փորձագետներ ասոցիացիայի տարածաշրջանային բոլոր կենտրոններից՝ Մոսկովյան, Ատլանտայի, Փարիզի, Տոկիոյի, ինչպես նաև Լոնդոնյան գրասենյակից: Առաքելության ամփոփիչ աշխատանքներին միացան նաև ՇԿՀԱ նախագահ Ն.Մ. Սորոկինը և ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի տնօրեն Վ.Ի. Ակսյոնովը:
Աշխատանքային պրոցեսի ընթացքում ՀԱԷԿ-ում կատարած շրջայցերի, ղեկավար անձնակազմի հետ անցկացրած հարցազրույցների, թիմային քննարկումների, աշխատանքների դիտարկումների և վարժությունների արդյունքում փորձագետների թիմը վերլուծությունների հիման վրա ներկայացրեց «Կազմակերպչական դիագնոստիկա» գործընթացի նախնական արդյունքները: Փորձագետները կարևորեցին առաջնորդության ոլորտում ՀԱԷԿ-ում առկա դրական կողմերը, ներկայացրեցին այն կարևոր գործոններն ու առաջարկները, որոնք կնպաստեն ՀԱԷԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ս/թ սեպտեմբերի 10-ին կայացած եզրափակիչ խորհրդակցության ընթացքում ողջունելով ՇԿՀԱ փորձագիտական թիմի անդամներին՝ “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն ընդգծեց «Կազմակերպչական դիագնոստիկա» գործընթացի կարևորությունը Հայկական ատոմակայանի համար՝ կայանի հետագա գործունեության առավել արդյունավետ կազմակերպման առումով:
Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ն. Սորոկինն իր ողջույնի խոսքում կարևորեց ՀԱԷԿ-ի պատրաստակամությունը՝ կայանի համար վճռորոշ այս ժամանակահատվածում, երբ ընթանում են լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ, ասոցիացիայի փորձագետներին հյուրընկալելու և փորձագիտական գործընթացը ՀԱԷԿ-ում առավելագույնս թափանցիկ և օբյեկտիվ անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ ՇԿՀԱ փորձագետների կողմից առաջարկված գործիքակազմի կիրառումը կնպաստի առաջնորդության ոլորտում ՀԱԷԿ-ի առավել բարձր ցուցանիշների գրանցմանը և ատոմակայանի հետագա գործունեության կատարելագործմանը: