ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ 66-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

04.10.2022

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ 66-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Ս/թ սեպտեմբերի 27-ից 29-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում, մասնակցել է ք. Վիեննայում կայացած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 66-րդ նստաշրջանին։

Միջոցառման ընթացքում ԱԷՄԳ մասնակից երկրների ներկայացուցիչների թվում զեկույցով հանդես է եկել նաև հայկական պատվիրակության ղեկավար Հ. Վարդանյանը։ Նա ընդգծել է Հայաստանի և ԱԷՄԳ-ի տարբեր կառույցների միջև վերջինիս գործունեության գրեթե բոլոր բնագավառներում սերտ ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է հատկապես ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի մինչև 2026թ. շահագործման ժամկետի երկարացման հաջողությամբ իրականացված նախագծին, ինչպես նաև ՀՀ տարածքում անվտանգության ժամանակակից պահանջներին լիովին համապատասխանող նոր միջուկային էներգաբլոկների կառուցման ծրագրին։

Գլխավոր կոնֆերանսի 66-րդ նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպել է ատոմային տեխնոլոգիաների՝ խաղաղ և անվտանգ նպատակներով օգտագործման բնագավառի ԱՄՆ պատասխանատու ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան մասնագետների հետ  քննարկվել են նշված բարդ ու կարևորագույն ոլորտի տարաբնույթ ասպեկտներ, նախանշվել են հայ-ամերիկյան արդեն երկարամյա համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղղությունները ժամանակակից մոտեցումների առումով։ Հանդիպումը բավականին արդյունավետ է եղել. առաջարկվել է շարունակել և գործնական բնույթ հաղորդել արդեն ձեռք բերված բանավոր համաձայնություններին։