05.08.2025
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ <<ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՍԱՌՑԱՀԱՏ 2025>> ԱՐՇԱՎԻՆ
Այս տարի «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմակերպած «Գիտելիքների ատոմային սառցահատ 2025» արշավին կմասնակցի «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ կազմակերպված «Արտեկի մարդիկ» մրցույթի հաղթող, մի շարք կրթական ծրագրերի և կամավորական նախաձեռնությունների ակտիվ մասնակից Ալինա Մնոյանը: Այս արշավը, կարծում ենք, կնպաստի Ալինայի մասնագիտական կողմնորոշմանը՝ հաշվի առնելով իր առաջադիմությունը «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից:
Տեսական գիտելիքների ամրապնդման գործում մեծ դեր ունի նաև Ալինայի մայրը, ով երկար տարիներ աշխատում է ՀԱԷԿ-ում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո, կարծում ենք, Ալինան ևս կշարունակի սերունդների հերթագայությունը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը բարի ճանապարհ մաղթեց Ալինային՝ ընդգծելով ճամփորդության ընթացքում պլանավորված ուսուցողական միջոցառումների մասշտաբայնությունը, Արկտիկայի թեմայի կարևորությունն ու հետաքրքրությունը, ինչպես նաև բևեռային բնապատկերների դիտման եզակի հնարավորությունը, որն ուղերթի ժամանակ ընձեռվելու է մասնակիցներին: