27.03.2023
ՄԵԾԱՄՈՐ-ՊՈԼՅԱՐՆԻԵ ԶՈՐԻ, ՀԱԷԿ-ԿՈԼԱՅԻ ԱԷԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մեծամոր քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս/թ մարտի 24-ին Հայկական ԱԷԿ-ում էր ՌԴ Մուրմանսկի նահանգի Պոլյարնիե Զորի քաղաքապետ Մաքսիմ Պուխովի գլխավորած պատվիրակությունը՝ Մեծամոր համայնքի ղեկավար Վ. Խաչատրյանի ուղեկցությամբ։
Հյուրերը նախ ճանաչողական շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տարածքում, Տուրբինային արտադրամասում և բլոկի կառավարման վահանակում ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին, տեղեկացել թիվ 2 էներգաբլոկում իրականացված արդիականացման մեծածավալ աշխատանքներին։
Շրջայցից հետո կայացած խորհրդակցության օրակարգային թեման ինչպես Մեծամոր-Պոլյարնիե Զորի, այնպես էլ ՀԱԷԿ-Կոլայի ԱԷԿ տասնամյակների սերտ գործընկերային և բարեկամական համագործակցությունն էր, որը տարեցտարի ավելի է ընդլայնվում։
Երկու քաղաքներն ըստ էության մեծ ընդհանրություն ունեն՝ հիմնվելով որպես կառուցվող ատոմային կայաններին կից ավաններ, ուր պիտի բնակվեին նախ շինարարական աշխատանքներում ներգրավված, հետո արդեն ատոմակայաններում աշխատող մասնագետները։ Հետագայում 2-ն էլ քաղաքի կարգավիճակ են ստացել, իսկ ավելի ուշ հռչակվել են քույր քաղաքներ։ Ավելին՝ Պոլյարնիե Զորի քաղաքում գտնվող Կոլայի ԱԷԿ-ի օրինակով (ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորով, գրեթե նույն նորմատիվային բազայով) է կառուցվել Հայկական ԱԷԿ-ը, որի գործող տուրբինները տեղափոխվել են այս քաղաքից։ Կոլայի ԱԷԿ-ում է ստեղծվել հատուկ ստորաբաժանում, ուր պատրաստվել են մասնագետներ նոր կառուցվող Հայկական ԱԷԿ-ի համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ թիվ 2 էներգաբլոկի արդիականացման հսկայածավալ աշխատանքներում մեծապես ներգրավվել են «Ատոմէներգոռեմոնտ» ԲԸ մասնաճյուղ հանդիսացող «Կոլատոմէներգոռեմոնտ» ընկերության մեծ թվով մասնագետներ, որոնք բնակվում են ՌԴ վերոնշյալ քաղաքում։
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներում ևս նախատեսվում է կիրառել Կոլայի ԱԷԿ-ի ակտուալ փորձը, քանի որ այնտեղ հաջողությամբ իրականացվել է երկու էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել քաղաքների միջև ամենատարբեր ոլորտներում տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, ինչն ավելի կնպաստի թե՛ ատոմային կայանների, և թե՛ նրանց կից քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը։