10.12.2019
Նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ՌԴ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱԷԿ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 10 -ին այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ): Նրանց ուղեկցել են Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը և ՀԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման աշխատանքների կապալառու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Վլադիմիր Բրեդովը:
Նախարար Պապիկյանը և դեսպանը շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, եղել կենտրոնական ղեկավարման վահանակում, ծանոթացել կայանի շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։
Այնուհետև ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Վլադիմիր Բրեդովը համատեղ պարգևատրել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացման գործում մեծ ներդրում ունեցած աշխատակիցներին:
Լրագրողների համար կազմակերպվեց ճեպազրույց. հարցերին պատասխանում էին Սուրեն Պապիկյանը, Սերգեյ Կոպիրկինը, Հակոբ Վարդանյանը և Մովսես Վարդանյանը:
Փաստվեց, որ ՇԺԵ ծրագրով 2018-2019թ. արդիականացվել են էլեկտրաէներգիայի արտադրության սխեմայում ընդգրված բոլոր սարքավորումներն ու համակարգերը. տուրբին, գեներատոր, տրանսֆորմատոր և այլն:
Անվտանգությանն առնչվող աշխատանքները կատարվելու են 2020-2021 թթ. ընթացքում՝ ֆինանսական աղբյուրները չորոշելու պատճառով: ՌԴ և ՀՀ միջպետական պայմանագրի ժամկետի երկարացման հարցը քննարկման փուլում է:
Ինչպես նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը, անվտանգության բարձրացման փաթեթից արդիականացվել են ղեկավարման ու պաշտպանության համակարգի էլեկտրասարքավորումները և կատարվել է ռեակտորի իրանի գործիքային հետազոտություն՝ համաձայն ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ՄԱԿԿ) ներկայացրած պահանջների: Կատարվել է նաև շոգեգեներատորների թիվ 23 կոմպոզիտային եռակցման կարանների (ремонт композитных сварных швов №23) և ռեակտորի վերին բլոկի հանգույցների վերանորոգում:
Էներգաբլոկի հետագա շահագործման թույլտվություն ստանալու համար ՀՀ ՄԱԿԿ-ին է ներկայացվել նաև օգտագործած վառելքի պահման ավազանների անվտանգության հիմնավորումը:
Բոլոր աշխատանքները կատարվել են ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման և Էլեկտրաէներգիայի արտադրության (10-12%) արդյունավետության բարձրացման նպատակով, առանց միջուկային վառելիքի լրացուցիչ ծախսի: