07.07.2020
Պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայկական ԱԷԿ կժամանեն արտասահմանյան մասնագետներ
Շարունակվող կարանտինի պայմաններում էներգետիկ ձեռնարկությունները չեն կարող դադարեցնել իրենց աշխատանքը: Հայկական ԱԷԿ-ում սկսվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը (ՊՆՎ-2020), որը չի կարող իրականացվել առանց օտարերկրյա կապալառու կազմակերպությունների մասնագետների մասնակցության: Ելնելով ոլորտի առանձնահատկությունից` աշխատակիցները չեն կարող այդ աշխատանքներն իրականացնել հեռավար եղանակով, նրանք պետք է ներկա գտնվեն կայանում:
2020թ. ՊՆՎ համար Հայկական ԱԷԿ կժամանեն մասնագետներ Ռուսաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Սլովակիայից: Արդեն Հայկական ԱԷԿ են այցելել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները:
ԱԷԿ-ի աշխատակիցների և արտասահմանյան մասնագետների առողջության ապահովման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կայանում խստորեն իրականացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ` վիրուսի տարածումը կանխելու նպատակով: ՀԱԷԿ-ի և կապալառու կազմակերպությունների բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով` բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ միջոցներով:
«Այս տարի կայան կժամանի 120 մասնագետ, նրանց գործուղման աշխատանքներն սկսվել էին նախօրոք: Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և անձնակազմի ցուցակը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թույլտվությունը` մասնագետների երկիր ժամանելու և Հայկական ԱԷԿ մուտք գործելու վերաբերյալ: Բոլոր մասնագետներն ունեն առողջական վիճակի մասին տեղեկանք: Հայաստան ժամանելուն պես կիրականացվի նաև թեստավորում», - նշեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Արտասահմանյան մասնագետների այցի և կարանտինի ժամանակահատվածի համար սահմանվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկում: Այսպիսով, մասնագետների համար կանցկացվեն ամենօրյա ջերմաչափում և բուժզննում, տրամադրվել է առանձին տրանսպորտ և ճաշարանում սնվելու հնարավորություն` համաձայն գրաֆիկի:
«Մեզ համար նույնպես շատ կարևոր է ապահովել աշխատանքների որակյալ իրականացումը պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում և մեր աշխատակիցների ու ԱԷԿ-ի աշխատակիցների առողջության ապահովումը: Հայաստան ժամանելուց հետո բժշկական թեստավորման ժամանակահատվածում աշխատակիցների համար կկազմակերպվի մեկուսացում: Դա թույլ կտա ապահովել սանիտարական անվտանգությունը և կարանտինի պահանջների կատարումը», - ասաց Յուրի Սվիրիդենկոն` Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսական կողմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնել է հերթական պլանային նախազգուշական վերանորոգման: Կայանի երկրորդ էներգաբլոկում իրականացվող աշխատանքները կտևեն 65 օր: Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: