Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ը միացավ ՀՀ Էներգահամակարգին

24.08.2020

Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ը միացավ ՀՀ Էներգահամակարգին

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ՏԳ-3, 4 տուրբագեներատորները 2020 թվականի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո գործարկվեցին, և օգոստոսի 23-ին ժամը 13:30 ՀԱԷԿ-ը միացավ Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական գրաֆիկի:

Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում ճառագայթման բնական ֆոնը:

Ռեակտորն աշխատանքային պարամետրերի բերելուց և ՏԳ-3, 4 տուրբագեներատորները (կրում են 385 ՄՎտ բեռնվածք) ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2020թ-ի ՊՆՎ-ն համարվում է ավարտված:

Ինչպես հայտնի է, արդեն հինգերորդ տարին է, ինչ ՀԱԷԿ-ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ-ներով նախատեսվող վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում:

Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվել են աշխատանքներ,

որոնց արդյունքներն էապես բարձրացրել են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը:

ՀԱԷԿ-ի անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ ՊՆՎ 2020-ի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից 12 օր շուտ:

Հարկ է նշել, որ այս պլանային նախազգուշական վերանորոգման հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ողջ գործընթացի հստակ կազմակերպման և Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի` վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական, չեխական, սլովակական, ուկրաինական, խորվաթական և հայկական կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում: