15.05.2021
ՊՆՎ-2021-Ի ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Ս/թ մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից․ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:
ՊՆՎ-2021-ի ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝
- ռեակտորի հիմնանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ;
- ռեակտորային կայանքի վերին բլոկի խցարար մակերևույթների արդիականացման աշխատանքներ;
- ռեակտորի իրանի թրծաթողում;
- ռեակտորի իրանի մետաղի վերահսկում թրծաթողումից առաջ և հետո;
- միջուկային վառելիքի պահման ավազանի և ճնշման փոխհատուցչի նորոգում;
- շոգեգեներատորների հիմնանորոգում և շոգեգեներատորների խողովակափնջի մրրկահոսանային վերահսկում;
- շոգեգեներատորների կոմպոզիտային եռակցման կարանների վերահսկում;
- գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ նորոգում;
- ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացում;
- ճնշման փոխհատուցչի և շոգեգեներատորների ապահովիչ կափույրների հիմնանորոգում;
- №3 և №4 տուրբինների ընթացիկ նորոգում;
- №3 գեներատորի միջին նորոգում;
- №4 գեներատորի հիմնանորոգում;
- АТ-1 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ նորոգում;
- ներռեակտորային վերահսկման համակարգի արդիականացում;
- ստուգիչ-չափիչ սարքերի լրակազմերի փոխարինում, ստուգիչ մալուխների փոխարինում շոգեգեներատորների բոքսի սահմաններում;
- տեղեկատվահաշվողական համակարգի լրացուցիչ պարամետրերի մոնտաժում:
ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները:
Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հոկտեմբերի 2-ին: