21.01.2022
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ “ՀԱԷԿ” ՓԲԸ ԵՎ АО “РУСАТОМ ОВЕРСИЗ” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում եռօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էր գտնվում “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
ԱՄԷ Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «ЭКСПО-2020» ցուցահանդեսի շրջանակներում ս/թ հունվարի 20-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ АО “Русатом Оверсиз” ընկերության՝ ի դեմս նախագահ Եվգենի Պակերմանովի, և “ՀԱԷԿ” ՓԲԸ ընկերության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, միջև:
Այս հուշագրով Հայաստանի Հանրապետությունում՝ Հայկական ատոմային գործող էլեկտրակայանի հրապարակում, նոր էներգաբլոկների կառուցման շրջանակներում հնարավոր համագործակցության վերաբերյալ ուսումնասիրությունների և դիտարկումների սկիզբ է դրվում:
Համաձայն Հուշագրի՝ պետք է համատեղ աշխատանքային խումբ ստեղծվի, որը կզբաղվի փոխանակված տեղեկատվության գնահատմամբ, նախագծի շուրջ կողմերի համագործակցության առավել օպտիմալ տարբերակների, ինչպես նաև նախագծի իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակմամբ: