ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

25.06.2024

ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի մոսկովյան կենտրոնի (ՇԿՀԱ ՄԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Էդուարդ Մարտիրոսյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենների համաժողովին:
Համաժողովի շրջանակում ասոցիացիայի անդամ հանդիսացող ատոմային էլեկտրակայանների տնօրենները հանդես են եկել «Ընթացք դեպի կատարելություն» ոլորտային նախաձեռնության գործնական իրականացման վերաբերյալ զեկույցներով:

Իր համանուն զեկույցում Էդուարդ Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձել է ՀԱԷԿ-ում անվտանգության ստանդարտների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ առանձնակի կարևորելով ՇԿՀԱ-ի կողմից մշակվող և կիրառվող առաջատար մեթոդները և գործելակերպը, որոնք ուղղված են ռիսկերի նվազեցմանը և սարքավորումների հուսալիության բարձրացմանը:

ՇԿՀԱ ՄԿ-ի  տնօրենների համաժողովի օրակարգում ընդգրկված են եղել նաև «Նոր երկրներ և կազմակերպություններ, նոր տեխնոլոգիաներ», «Աշխատանքի նոր ձևաչափեր ՇԿՀԱ-ի և ՇԿՀԱ ՄԿ-ի հետ», «Արդյունաբերության առջև ծագած նոր մարտահրավերները ժամանակակից պայմաններում» թեմաներին վերաբերող հարցեր, որոնք ներկայացվել և համապարփակ քննարկման են արժանացել մասնակիցների կողմից։

Համաժողովը կարևոր նշանակություն է ունեցել ՇԿՀԱ-ի և ՇԿՀԱ ՄԿ-ի նոր մարտահրավերներին և ժամանակի պահանջներին հարմարվելու տեսանկյունից՝ ընդլայնելով գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորությունները: