ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԵՏ

07.07.2022

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԵՏ

ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է ակտիվ աջակցել ՀԱԷԿ-ում մի շարք նախագծերի իրականացմանը: Ընթացիկ նախագծերի և հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումներին էր նվիրված ս/թ հուլիսի 6-ին կայացած աշխատանքային հանդիպումը: Համավարակով պայմանավորված տևական դադարից հետո դարձյալ Հայկական ԱԷԿ-ում էին ԱՄՆ կառավարության՝ մասնավորապես Էներգետիկայի դեպարտամենտի, PNNL-ի և WSC-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «Ատոմսերվիս» ԲԲԸ ներկայացուցիչները:

Նախագծերից կարևորագույնը, որն իրականացվում է ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ, ուղղված է լիամասշտաբ վարժասարքի ներդրմանը: Աշխատանքները մասամբ կատարված են, ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Այս փուլում հատկապես կարևորվեց նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի ուսուցման գործընթացի կազմակերպումը լիամասշտաբ վարժասարքի միջոցով՝ թիվ 2 էներգաբլոկի անխափան ու բնականոն աշխատանքն ապահովելու համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործմանը վերաբերող առանցքային այլ հարցեր, այն է՝ աշխատած վառելիքի չոր պահեստարանի նոր մոդուլի կառուցման, ճառագայթաակտիվ թափոնների ժամանակավոր պահման խնդիրները և այլն:  

Հանդիպման ավարտին իր երախտագիտությունը հայտնելով ամերիկյան կողմի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերություններն ավելի կամրապնդվեն: