ՇԿՀԱ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

15.06.2023

ՇԿՀԱ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Սույն թվականի հունիսի 14-ին ք. Երևանում կայացել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնի (ՇԿՀԱ ՄԿ) Կառավարիչների խորհրդի նախագահ Է. Մարտիրոսյանի և ՇԿՀԱ գործադիր տնօրեն Ն. Չիգուսայի գլխավորած պատվիրակության հանդիպումը, որին մասնակցել է նաև ՇԿՀԱ ՄԿ տնօրեն Վ. Ակսյոնովը:

Քննարկվել են ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ատոմակայանների էներգաբլոկների ընթացիկ վիճակի, նոր կառուցվող էներգաբլոկների անդամակցության, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում ատոմակայանների անվտանգությանը վերաբերող հարցեր:

Է. Մարտիրոսյանը ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործունեության ներկայիս վիճակը, թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կայանի գործունեության հեռանկարային ծրագրերը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել ասոցիացիային վերաբերող հարցերի արդյունավետ լուծմանը:

Ն. Չիգուսան, որը մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է ՇԿՀԱ Տոկիոյի կենտրոնը, մասնավորապես հետաքրքրվել է սեյսմիկ ազդեցությունների հանդեպ ՀԱԷԿ-ի  կայունության առումով ատոմակայանում կուտակված փորձով:

Հայկական ատոմակայանի սեյսմիկ պաշտպանության թեման կարող է հեռանկարային լինել ճապոնացի և հայ մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման առումով: