15.09.2022
ՇԿՀԱ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ՀԱԷԿ-ՈՒՄ
Ս/թ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից իրականացվեց ՀԱԷԿ-ի գործընկերային ստուգում (ԳՍ):
Փորձագետների խումբը ղեկավարում էր Անդրեյ Պրոխոդցևը՝ ՇԿՀԱ ՄԿ «Աջակցության առաքելություններ» ծրագրի ղեկավարը, իսկ թիմում ներգրավված էին ատոմային էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի 7 երկրներից՝ Բելառուսից, Բուլղարիայից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Սլովակիայից, Ֆրանսիայից և Չեխիայից:
Ստուգման նպատակն անվտանգ և հուսալի շահագործման ուղղությամբ կայանի արտադրական գործունեության գնահատումն էր, այդ թվում նաև ԱԷԿ-ի աշխատանքի ուժեղ կողմերի և բարելավման ենթակա ոլորտների հայտնաբերումը՝ համաձայն ՇԿՀԱ «Արտադրական խնդիրները և դրանց լուծման չափանիշները» փաստաթղթի (ԱԽևԼՉ 2019-1):
ԳՍ ընթացքում ավանդաբար անցկացվեցին ՀԱԷԿ-ի աշխատանքի դիտարկումներ, փաստաթղթերի ստուգում և հարցազրույցներ կայանի անձնակազմի հետ, ինչն օգնեց փորձագետներին հասկանալ կայանի արտադրական գործունեության վիճակը: Բացի հիմնական ուղղություններից, կատարվել է նաև SOER հաշվետվությունների վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման վիճակի, ինչպես նաև միջուկային անվտանգության կուլտուրայի գնահատում:
Առաքելության եզրափակիչ փուլում որպես ոլորտային խորհրդական աշխատանքներին միացավ АО «Концерн Росатом» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռամիլ Գալիևը:
Ամփոփիչ հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրին ստուգման արդյունքները, քննարկվեցին հայտնաբերված խնդիրների պատճառներն ու նպաստող գործոնները: ԳՍ թիմի ղեկավարն ընդգծեց, որ աշխատանքն ընթացել է փոխադարձ գործնական տրամադրվածության և համագործակցության բաց մթնոլորտում: Հանդիպման ավարտին Ա. Պրոխոդցևը կայանի ղեկավարությանը փոխանցեց առաքելության նախնական հաշվետվությունը և գործընկերային ստուգման խորհրդանիշ-ցուցանակ:
ՀԱԷԿ-ի ղեկավարությունն իր հերթին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար և վստահություն հայտնեց, որ ԳՍ արդյունքները կնպաստեն կայանի արտադրական գործունեության բարելավմանը: