ՇԿՀԱ ՄԿ փորձագետների այցը Հայկական ԱԷԿ

10.09.2025

ՇԿՀԱ ՄԿ փորձագետների այցը Հայկական ԱԷԿ

Օգոստոսի 25-ից 28-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվեց ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի փորձագետների այցը՝ կատարելագործված մոնիթորինգի շրջանակում, որն ընդգրկված է «Ընթացք դեպի կատարելություն» նախաձեռնության հիմնական գործընթացներից մեկում։

Այցի ընթացքում փորձագետները գնահատեցին 2022 թվականի գործընկերային ստուգման արդյունքում առանձնացված ոլորտներում իրականացվող միջոցառումների ընթացքը և կազմեցին կանխատեսումներ առաջիկա կես տարվա համար։

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի տնօրեն Վասիլի Աքսյոնովը և տեխնիկական տնօրեն Սերգեյ Վիբոռնովը, Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանի ուղեկցությամբ, այցելեցին կայանի կարևոր օբյեկտներ։ Նրանք շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան լիամասշտաբ վարժասարքի աշխատանքին և այցելեցին բլոկի կառավարման վահան։

Այցը կարևոր հարթակ դարձավ փորձի փոխանակման, փոխադարձ համագործակցության և անվտանգության ու հուսալիության մակարդակի շարունակական բարձրացման ուղղությամբ համատեղ քայլերի համար։

Այս այցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կայանի և ՇԿՀԱ ՄԿ-ի համագործակցությունը կարևոր դեր ունի արտադրական գործունեության կատարելագործման, ինչպես նաև բարձր անվտանգության ու հուսալիության ապահովման գործում։