ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

26.01.2017

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Անվտանգությունն ամենից վեր է

“Հայկական ատոմային էլեկտրակայան’’ ՓԲԸ ղեկավարության հայտարարագիրը շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

Շահագործման նախագծային ժամկետից դուրս Հայկական ԱԷԿ-ի շահագործման շարունակումը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը համարում է բարձր առաջնահերթության գործունեություն: Հետևաբար, առաջնահերթ խնդիր է հանդիսանում գործող №2 էներգաբլոկի շահագործման անվտանգության հիմնավորումը, ինչի համար, ելնելով անվտանգության գնահատականի արդյունքներից, մանրամասն կսահմանվեն փաստաթղթերի մշակման և անվտանգությանը վերաբերող բոլոր հայտնաբերված խնդիրները վերացնելուն ուղղված լրացուցիչ աշխատանքների ծավալները: Նման մոտեցումը ոչ միայն թույլ կտա պահպանելու ԱԷԿ-ի հզորությունները, այլև բարձրացնելու նրա անվտանգության մակարդակը և բարելավելու էներգաբլոկի աշխատանքային բնութագիրը:

Շահագործման լրացուցիչ ժամկետի (ՇԼԺ) ընթացքում հիմնական նպատակ է հանդիսանում ատոմային էներգիայի կիրառման բնագավառում գործող նորմերի և կանոնների պահանջներին և չափորոշիչներին համապատասխան գործող էներգաբլոկի անվտանգ և կայուն աշխատանքի ապահովումը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ վարչական և տեխնիկական ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ լիարժեք և պաշտոնական պատասխանատվություն է կրում ՇԼԺ-ի ընթացքում շահագործվող էներգաբլոկի անվտանգության համար, ինչը ապահովվում է`

  • ատոմային էներգիայի կիրառման ժամանակ աշխատանքները կարգավորելու նպատակով գործածվող նորմատիվային իրավական ակտերի և նորմատիվային փաստաթղթերի, ՀԱԷԿ-ի էներգաբլոկերի անվտանգ շահագործման ապահովումը կանոնակարգող տեխնիկական փաստաթղթերի պահանջների խիստ պահպանմամբ;
  • էներգաբլոկի` տեխնիկական փաստաթղթերի պահանջներին խիստ համապատասխան շահագործմամբ;
  • էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման որակի ապահովման ծրագրի մշակմամբ և իրականացմամբ;
  • էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր հետազոտության որակի ապահովման ծրագրի պահանջների կատարմամբ;
  • էներգաբլոկը ՇԼԺ ընթացքում շահագործելուն նախապատրաստելու ծրագրի մշակմամբ և իրագործմամբ;
  • սարքավորումների յուրաժամանակ արդիականացման և վերականգնման իրականացմամբ, նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմամբ, շահագործման ընթացակարգերի կատարելագործմամբ` հաշվի առնելով շահագործման փորձը, համալիր հետազոտության և հնացման կառավարման արդյունքները, ինչպես նաև բնագավառի լավագույն միջազգային փորձը;
  • կայանի անվտանգության վերլուծությունների իրականացմամբ և անվտանգության գնահատականի վերաբերյալ հաշվետվությունների պարբերական թողարկմամբ` հաստատելու համար այն, որ անվտանգության բոլոր խնդիրները գտել են իրենց լուծումը կամ լուծված կլինեն սահմանված ժամկետներում;
  • ՀԱԷԿ-ի և կապալային կազմակերպությունների աշխատակիցների կողմից աշխատանքների իրականացման սահմանված կարգը պահպանելու ստուգման և վերահսկողության իրականացմամբ;
  • կատարվող աշխատանքին աշխատակիցների որակավորման համապատասխանության ապահովմամբ;
  • ՀԱԷԿ-ի բոլոր աշխատակիցների մոտ անվտանգության մշակույթի բարձր մակարդակի ձևավորմամբ:

Անվտանգության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

  • Իրականացնել անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսների հատկացում ` անվտանգության ապահովման բնագավառում նպատակների իրականացման համար;
  • ՀԱԷԿ մատակարարվող սարքավորումների և իրականացվող աշխատանքների որակի վերահսկման իրականացման նպատակով ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ;
  • բոլոր աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների իրականացման համար ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ;
  • երաշխավորել, որ կայանի աշխատակիցների ցանկացած նախաձեռնություն, որն առնչվում է անվտանգության ապահովմանն ու ուժեղացմանը, կստանա աջակցություն և կգնահատվի ըստ արժանվույն  ;
  • հասարակական, պետական և միջազգային կազմակերպություններին տրամադրել անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն և նրանց հետ համագործակցել` անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով;
  • իրազեկել ՀԱԷԿ-ի բոլոր աշխատակիցներին ՇԼԺ ընթացքում անվտանգության ապահովման բնագավառում իրականացվող քաղաքականության մասին:

 

Հայաստանի Հանրապետությունում և Հայկական ԱԷԿ-ում անվտանգությունն ամենաբարձր արժեքն է համարվում: Դա ամրագրված է ինչպես ՀՀ օրենսդրության մեջ, այնպես էլ ճյուղային նորմատիվ-տեխնիկական  փաստաթղթերում և կայանի ընթացակարգերում:

Կայանի ղեկավարությունը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության ապահովման հարցերին, զգալի ջանքեր է գործադրում` անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար:

Անվտանգության և հուսալիության կառավարումը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում չի դիտարկվում մեկուսացված կերպով, այլ` որպես ամբողջությամբ վերցրած կառավարման համակարգի բաղադրիչ մաս. այսինքն` անվտանգության և հուսալիության կառավարման համակարգը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կառավարման համակարգի անբաժանելի մասն է հանդիսանում:

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի անվտանգության և հուսալիության կառավարման համակարգի առջև դրվում է երկու հիմնական նպատակների իրագործման պահանջ.

  • անվտանգության շահագործական ցուցանիշների բարելավում ՀԱԷԿ-ի շահագործման բոլոր ռեժիմներում անվտանգության վրա ազդող գործունեությունը պլանավորելու, վերահսկելու և նրա վրա հսկողություն իրականացնելու միջոցով,
  • անվտանգության բարձր կուլտուրայի ստեղծում և պահպանում ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության վրա ազդող աշխատանքների կատարման ընթացքում պաշտոնատար անձանց ինքնագիտակցությունը, պատասխանատվությունը և ինքնավերահսկումը զարգացնելու և ամրապնդելու միջոցով:

ՀԱԷԿ-ի անվտանգությունն ապահովվում է խոր էշելոնային պաշտպանության սկզբունքի իրագործմամբ, որը հիմնված է շրջակա միջավայր ճառագայթաակտիվ արգասիքների հնարավոր արտանետման ուղու վրա գտնվող արգելքների և համակարգերի, ինչպես նաև արգելքների պաշտպանման և նրանց արդյունավետության պահպանման տեխնիկական և կազմակերպչական միջոցների համակարգի կիրառման վրա:

“Հայկական ատոմային էլեկտրակայան’’ ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը անվտանգության և որակի բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

Էներգաբլոկների բազմամյա շահագործումն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի հուսալիությունն ու անվտանգությունը:

Սակայն բնակչության, կարգավորող մարմինների և միջազգային հանրության կողմից շահագործման անվտանգությանը ներկայացվող պահանջների մշտական աճը, ինչպես նաև կուտակված փորձի և իրավիճակի վերլուծությունը մեզանից պահանջում են վերանայել մեր մոտեցումները և պատշաճ միջոցներ ձեռք առնել` էլեկտրաէներգիայի արտադրման համար միջուկային էներգաբլոկների շահագործման ընթացքում անվտանգության, հուսալիության և որակի բոլոր տեսակների առավել բարձր մակարդակի հասնելու համար:

“ՀԱԷԿ” ՓԲԸ-ի վարչական և տեխնիկական ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ ամբողջությամբ և պաշտոնապես պատասխանատվություն է կրում շահագործվող էներգաբլոկների անվտանգության համար (առաջին հերթին միջուկային) և հայտարարում է անվտանգության համար կարևոր գործունեության բոլոր տեսակների լավագույն ցուցանիշների հասնելու իր ձգտման մասին:

Դեռ ավելին, “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի վարչական և տեխնիկական ղեկավարությունն ընդունում է, որ “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի պատասխանատվությունը ոչ մի կերպ չի նվազում կառավարման և կարգավորման համար պատասխանատու պետական կազմակերպությունների, ՀԱԷԿ-ի համար սարքավորումների նախագծում, պատրաստում և մատակարարում իրականացնող կողմնակի ձեռնարկությունների, ինչպես նաև ինժեներատեխնիկական այլ ձեռնարկությունների ինքնուրույն գործունեության պարագայում:

Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր գործունեության առավել բարձր առաջնահերթությունը, որը գերազանցում է անգամ արտադրության գործոնը, հանդիսանում է ՀԱԷԿ-ի և անձնակազմի անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը:

Անվտանգության և որակի բնագավառում մեր քաղաքականությունն իրականացնելիս` մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքներով.

- նվիրվածություն «անվտանգության կուլտուրա» գաղափարին և այնպիսի արտադրական մթնոլորտի պահպանում, երբ հիմնական տարրը անձնակազմի` անվտանգությանը միտված մտածողությունն է, որը ձևավորում է քննադատական դիրքորոշում, բացառում է բարեհոգությունը և նախատեսում է ձգտում դեպի կատարյալը, անվտանգության հարցերում անձնական պատասխանատվության և գործին նվիրված  լինելու զգացումի զարգացում,

-  որակի ապահովում անվտանգության և արդյունավետ շահագործման վրա ազդող գործունեության բոլոր տեսակների  իրականացման ընթացքում,

- բոլոր առաջադրանքների և աշխատանքների անշեղ և անսխալ կատարման ապահովում վարչակազմակերպական կառուցվածքի, հիերարխիկ ենթակայությամբ հաշվետվության միջոցով` պարտականությունների ու պատասխանատվությունների հստակ բաշխմամբ,

- հարցերի բաց քննարկում և անպատժելիության քաղաքականության կիրառում պատահական սխալների մասին հաղորդելու դեպքում,

- սիստեմատիկ պլանավորում և առաջնահերթությունների որոշում գործունեություն իրականացնելու ընթացքում, ինչպես նաև գործունեության արդյունքների որակի վերահսկում:

Անվտանգության և որակի բնագավառում կիրառվող քաղաքականությունը ԱԷԿ(Շ)ՈԱԾ-ի (ПОКАС(Э)) անբաժանելի մասն է կազմում. ԱԷԿ(Շ)ՈԱԾ-ը հիմք է հանդիսանում “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ղեկավարության` շահագործման անվտանգության , հուսալիության և որակի բարձրացմանն ուղղված ռազմավարության ձևավորման համար:

Որակի ապահովման տվյալ ծրագրի դրույթների ճշտությամբ կատարելը և որակի կառավարման համակարգի հստակ գործելը շահագործման մշտական կատարելագործման և անվտանգության բարձրացման հետ մեկտեղ հանդիսանում  են մեր առջև ծառացած խնդիրների իրագործման միակ և ճիշտ ճանապարհը:

Յուրաքանչյուր աշխատող և ղեկավար, զգալով իր պատասխանատվությունը անվտանգության ապահովման, կատարվող աշխատանքի տեխնիկական մակարդակի և որակի համար, պետք է իր գործունեությունն իրականացնի համաձայն տվյալ փաստաթղթում սահմանված սկզբունքների և հավատարիմ մնա դրանց:

“Հայկական ատոմային էլեկտրակայան’’ ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը անվտանգության կուլտուրայի բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

“ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ղեկավարությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար, իր առօրյա գործունեության մեջ հատուկ ուշադրություն է դարձնում Անվտանգության կուլտուրայի սկզբունքներին:

Անվտանգության կուլտուրան միջազգային հանրության կողմից սահմանվում է որպես ձեռնարկության գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի և առանձնահատկությունների համախումբ, որը հաստատում է, որ ԱԷԿ-ի անվտանգության խնդիրներին` որպես առավել բարձր առաջնահերթություն ունեցող խնդիրների, հատկացվում է նրանց կարևորությամբ որոշվող ուշադրություն:

Հետևաբար, ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հարցերը մեզ համար առավել բարձր առաջնահերթություն ունեն:

Մենք փորձում ենք ձեռնարկությունում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են անվտանգության հարցերում անձնական պատասխանատվության և ընդհանուր ինքնակառավարման զգացումի զարգացմանը` ապահովելով խոր գիտելիքներ, անվտանգության ապահովման հիմնական չափանիշների և սկզբունքների ըմբռնում ձեռնարկության բոլոր աշխատողների կողմից և միջուկային տեղակայանքների անվտանգ շահագործմանը վերաբերող հարցերի առաջնահերթության և կարևորության գիտակցում նրանց կողմից:

“ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ղեկավարությունն իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում կձգտի բարձրացնել Անվտանգության կուլտուրայի մակարդակը գործունեության բոլոր տեսակների կատարելագործման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով այնպիսի բնութագրերի, ինչպիսիք են.

  • անվտանգության կարևորության անձնական գիտակցում,
  • անձնակազմի ուսուցման և հրահանգների, ինչպես նաև նրա ինքնուսուցման միջոցով ապահովվող գիտելիքներ և կոմպետենտություն,
  • նվիրվածություն, որը պահանջում է ավագ ղեկավարների մակարդակում անվտանգության բարձր առաջնահերթության ապացուցում և առանձին անձանց կողմից անվտանգության ընդհանուր նպատակների ճանաչում,
  • մոտիվացիա` ղեկավարման, նպատակադրման մեթոդների, խրախուսման և պատժման համակարգի ստեղծման և առանձին անձանց մոտ ներքին դիրքորոշման ձևավորման միջոցով,
  • հսկողություն, որը ներառում է ստուգումների և փորձաքննությունների պրակտիկա, և առանձին անձանց քննադատական դիրքորոշմանն արձագանքելու պատրաստականություն,
  • պատասխանատվություն` աշխատանքային պարտականությունների պաշտոնականացված սահմանման  ու նկարագրման և առանձին անձանց կողմից դրանց ըմբռնման միջոցով:

Անվտանգության կուլտուրան և ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը բարձր մակարդակի վրա պահելը “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի գործունեության մեջ անվտանգության հիմնական նպատակն է հանդիսանում, և մենք կարծում ենք, որ ձեռնարկության յուրաքանչյուր աշխատող կարող է և պարտավոր է իր անձնական ներդրումն ունենալ մշտական բարելավման և կատարելագործման պրոցեսում:

Ուստի, “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ղեկավարությունը կոչ է անում ողջ անձնակազմին.

-պահպանել և որակով կատարել “ՀԱԷԿ” ՓԲԸ-ում գործող նորմատիվ, վարչական և շահագործական փաստաթղթերի պահանջները,

-մշտապես դրսևորել պատշաճ վարք, աշխատել անվտանգ և հուսալի կերպով, գիտակցել պատասխանատվությունը սեփական վարքի համար,

-աշխատանքային պարտականությունները կատարել անձնական պատասխանատվության զգացումով, որը բացառում է բարեհոգությունը` կիրառելով ինքնավերահսկման սկզբունքը,

-գիտակցել սխալները թաքցնելու անթույլատրելիությունը, դրանց պատճառները պարզելու և վերացնելու անհրաժեշտությունը,

- մշտապես ինքնակատարելագործվել, ուսումնասիրել և կիրառել առաջավոր փորձը, այդ թվում նաև` արտասահմանյան:

Ընդունված քաղաքականության հետևողական իրականացումը թույլ կտա բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը, անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը և բնակչության վստահությունը ատոմային էներգետիկայի նկատմամբ:

Շարունակություն >