25.05.2022
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈւՄ ԵՆ ՀԱԷԿ-Ի ՀՈՎԱՑՄԱՆ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԸ
ՀԱԷԿ-ում սահմանված ժամանակացույցով բնականոն ընթանում են 2022թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները:
Նախորդ ՊՆՎ-ների ընթացքում թիվ 2 էներգաբլոկի էներգաարտադրող համակարգի հիմնական սարքավորումների արդիականացումից հետո հրատապ խնդիր էր դարձել ջրահովացման աշտարակների արդիականացումը՝ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի պայմաններում վերջիններիս անարդյունավետ աշխատանքով պայմանավորված: Այդ պատճառով մշակվել և իրականացվում է «ՀԱԷԿ-ի հովացման աշտարակների արդիականացում» նախագիծը: Այն պատրաստել է «Ատոմպրոյեկտ» ընկերությունը, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացրել է «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Մ-Գրուպ» ընկերության աշխատակիցները, իսկ վերահսկողությունը՝ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետները:
Անհրաժեշտ մատակարարումները հիմնականում կատարված են, ընթացքի մեջ են թիվ 1 հովացման աշտարակի հիմնանորոգման և մոդիֆիկացման աշխատանքները, որոնց ավարտից հետո միայն նախատեսվում է սկսել 3-րդ աշտարակի համար նախատեսված աշխատանքները:
Հովացման աշտարակների արդիականացումը հնարավորություն կտա նկատելիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը: