Եվրոպական հաշվիչ պալատի ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

12.05.2025

Եվրոպական հաշվիչ պալատի ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

2025 թվականի մայիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում էր գտնվում Աուդիտորների եվրոպական դատարանի ներկայացուցիչների պատվիրակությունը: Աուդիտորական այցը Հայաստանի Հանրապետություն նախատեսված էր միջուկային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության աուդիտի համատեքստում։

Մայիսի 7-ին Եվրոպական հաշվիչ պալատի անդամներն այցելեցին Հայկական ԱԷԿ։

Ըստ ծրագրի՝ օրվա առաջին կեսին անցկացվեց հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ, որի ընթացքում կայանի ղեկավարները և «Աջակցություն հրապարակում» ԵՄ նախագծի խորհրդատուն ներկայացրին պրեզենտացիաներ՝ ՀԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, որոնք կատարվել են կամ կատարվելու են ԵՄ աջակցությամբ իրականացվող նախագծերի շրջանակներում: Քննարկվեցին ժամկետների և ֆինանսական ռեսուրսների հետ կապված հարցեր, պարզաբանվեցին անվտանգությանը և շահագործման հիմնական ցուցանիշներին վերաբերող որոշ կարևոր ասպեկտներ: Հաջորդիվ կազմակերպվեց շրջայց կայանի տարածքում՝ աուդիտորներին ծանոթացնելու կայանի համակարգերի և սարքավորումների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքներին: Այցի ընթացքում աուդիտորները նաև հնարավորություն ունեցան անձամբ տեսնել աջակցության շրջանակներում ՀԱԷԿ մատակարարված սարքավորումները:

Ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց տվյալ այցը կազմակերպելու համար և հույս հայտնեցին հետագայում ևս ունենալ միջուկային անվտանգության բարձրացմանն ուղղված արդյունավետ համագործակցություն։