22.01.2024
ՀԱԷԿ-Ի ԼԻԱՄԱՍՇՏԱԲ ՎԱՐԺԱՍԱՐՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հայկական ատոմային էլեկտրակայանում ներկայումս ընթանում են լիամասշտաբ վարժասարքի արդիականացման և ֆունկցիոնալության ընդլայնման աշխատանքները: Նախագիծն իրականացվում է ամերիկյան WSC, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «Գալակտիկա» ՍՊԸ մասնակցությամբ:
Լիամասշտաբ վարժասարքը, որը մշակվել և ներդրվել է 2013 թվականին Եվրամիության օժանդակությամբ և Սլովակիայի VUJE ընկերության միջոցով, ծրագրա-տեխնիկական մոդելավորող համալիր է: Այն նախատեսված է ատոմակայանի բլոկի կառավարման վահանակի (ԲԿՎ) օպերատիվ անձնակազմի մասնագիտական ուսուցման և գործնական հմտությունների մշտական կատարելագործման համար՝ իրական բլոկի կառավարման վահանակի գործող լիամասշտաբ մոդելի և գործող էներգաբլոկի՝ ժամանակի իրական մասշտաբով համառեժիմ ընթացող պրոցեսների կոմպլեքս մաթեմատիկական մոդելի կիրառմամբ:
2019 թվականից ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի աջակցության ծրագրերի շրջանակներում WSC ընկերությունը «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ հետ համատեղ նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ վարժասարքի համար մշակում են նոր մոդելներ՝ հաշվի առնելով էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով իրականացված արդիականացումներն ու փոփոխությունները: Ըստ այդմ՝ նոր ծրագրային հիմքով, նոր սերնդի համակարգիչներով և սերվերով ապահովված վարժասարքը արդիականացման արդյունքում պետք է համապատասխանի ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համակարգերին ու սարքավորումներին և ապահովի շահագործման բոլոր ռեժիմների (բնականոն շահագործման ռեժիմների, անցումային ռեժիմների, բնականոն շահագործման խախտումների, նախագծային վթարային ռեժիմների և արտանախագծային վթարների՝ մինչև մոդելավորման սահմանները) մոդելավորումը ժամանակի իրական մասշտաբով:
2024 թվականի գարնանը կիրականացվեն վարժասարքի ամբողջական հավաքման և բոլոր բաղադրամասերի ու համակարգերի ինտեգրման աշխատանքները, իսկ արդեն ամռանը նախատեսվում են համալիր փորձարկումներն ու շահագործման հանձնումը:
Ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում նախագիծը ժամանակին ավարտին հասցնելու և վարժասարքը շահագործման հանձնելու ուղղությամբ, ինչը կնպաստի թիվ 2 էներգաբլոկի օպերատիվ անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը և որպես արդյունք՝ կայանի հուսալի և անվտանգ շահագործմանը: