ՀԱԷԿ-ՈւՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ

26.11.2021

ՀԱԷԿ-ՈւՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ

Վթարային հակազդման բնագավառում անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով ս/թ նոյեմբերի 26-ին Հայկական ԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք՝ ՇԿՀԱ ՄԿ տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հետ համատեղ: Այդ առիթով ՀԱԷԿ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկա էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ ԱԻՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ, և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: 
Վարժանքին մասնակցեցին կայանի վթարային հակազդման համակարգի կազմավորումները, հերթափոխային աշխատանքում չընդգրկված օպերատիվ անձնակազմի ներկայացուցիչները, կայանի որոշ ստորաբաժանումների, ինչպես նաև ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրդեհային ջոկատի անձնակազմը: Վարժանքը ղեկավարեց ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը:
Ակտիվացվեց «ՀԱԷԿ» ՓԲԸ վթարային հակազդման համակարգը  և գործողության մեջ դրվեց «ՀԱԷԿ» ՓԲԸ ներքին վթարային պլանը: Վարժանքի ընթացքում առաջին անգամ ազդարարում իրականացվեց նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու (5կմ) ազդարարման նոր մոնտաժված համակարգի միջոցով, ընդ որում՝ իրազեկվեցին այդ գոտում գտնվող բոլոր բնակավայրերը:
Անցկացվեցին վարժանքի սցենարով նախատեսված հետևյալ միջոցառումները՝ իրավիճակի գնահատում և վթարի դասակարգում, այնուհետև համապատասխան ազդարարումից հետո իրականացվեցին վարժանքին մասնակցող ստորաբաժանումների անձնակազմի  պաշտպանական միջոցառումները (պատսպարում, անհատական պաշտպանական միջոցների օգտագործում, յոդային կանխարգելում և տարհանում):  Իրականացվեց ճառագայթային մոնիթորինգ և հրդեհաշիջման աշխատանքներ: Ըստ կարգի՝ տեղեկատվություն և լրացված ձևաթղթեր փոխանցվեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոններին, ինչպես նաև ՇԿՀԱ ՄԿ տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնին: 
Ավարտից հետո անցկացվեց վարժանքի վերլուծություն, որի արդյունքների հիման վրա կմշակվեն միջոցառումներ՝ տեղ գտած թերությունները վերացնելու նպատակով: