06.07.2023
ՀԱԷԿ-ՈՒՄ ԷԻՆ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Ս/թ հուլիսի 4-ին ՀԱԷԿ-ում էին ԱՄՆ կառավարության՝ մասնավորապես Էներգետիկայի դեպարտամենտի, PNNL-ի և WSC-ի ներկայացուցիչները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ ներկայացուցիչները: Այցի օրակարգում ներառված էին ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ընթացիկ նախագծերի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:
Ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է լիամասշտաբ վարժասարքի (ԼՄՎ) ներդրմանն ուղղված նախագիծը. ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում այն ավարտին հասցնելու ուղղությամբ: Հատկանշական է ԼՄՎ դերն ու նշանակությունը օպերատիվ անձնակազմի ուսուցման կազմակերպման գործում, ինչը կնպաստի թիվ 2 էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործմանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործմանը վերաբերող առանցքային այլ հարցեր, այն է՝ աշխատած վառելիքի չոր պահեստարանի նոր մոդուլի կառուցման, ճառագայթաակտիվ թափոնների ժամանակավոր պահման խնդիրները և այլն:
ԼՄՎ սրահ կազմակերպված շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են վարժասարքի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալներին: Արդյունքների վրա հիմնվելով՝ կողմերը հույս են հայտնել, որ ԼՄՎ-ն շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում: