22.12.2021
«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, լավագույն ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության համար դժվար ու պատասխանատու այս ժամանակաշրջանում ձեզանից յուրաքանչյուրի պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ էներգետիկայի ոլորտը կայուն հիմքերի վրա է: Այդ առումով այս տարին առավել հատկանշական էր ՀԱԷԿ-ի համար՝ պայմանավորված պլանային վերանորոգման և արդիականացման աշխատանքների աննախադեպ մեծ ծավալով և այդ նպատակով թիվ 2 էներգաբլոկի տևական կանգով: Բայց յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի ու մասնագիտական հմտությունների շնորհիվ հաջողվեց առանց զգալի բարդությունների հաղթահարել այս կարևորագույն փուլը:
Հաջողության գրավականներից մեկն էլ, ինչ խոսք, այն է, որ շարունակենք արժանապատվորեն հետևել մեր նախորդների ավանդույթներին՝ վստահելով տարիների նրանց փորձին ու անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքին:
Թող բոլորիս սրտացավ աշխատանքը, անկոտրում կամքը և մասնագիտական կարողությունները շարունակաբար ծառայեն՝ ի շահ մեր ոլորտի հետագա զարգացմանը:
Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս, մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, անսպառ եռանդ, նորանոր աշխատանքային ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Խաղաղություն, լույս և ջերմություն բոլորիս ընտանիքներում: