ՀԱՆԴԻՊՈւՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

13.04.2022

ՀԱՆԴԻՊՈւՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ս/թ ապրիլի 12-ին Հայկական ԱԷԿ-ում կայացավ Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության (ԱԷԱՎՄՄ) համաժողովը: Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչներից բացի, ԱԷԱՎՄՄ-ի պատվիրակության կազմում էին նաև “Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միություն” հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ նախագահ Սուրեն Ազատյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հեռավար ձևաչափով մասնակցեցին նաև ԱԷԱՎՄՄ-ի անդամ այլ երկրների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն ատոմային էներգետիկային վերաբերող թե՛ ընդհանուր, և թե՛ ՀՀ-ի համար մասնավոր կարևորության հարցերի քննարկումն էր. թեմատիկ զեկույցներով հանդես եկան միության գրեթե բոլոր ներկայացուցիչները:

Այս տարի լրանում է վետերանների միջազգային միության ստեղծման 10-ամյակը, իսկ “Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միությունը”, որն իրավաբանորեն գործում է 2017 թվականից, դարձել է վետերանների միջազգային միության 11 լիիրավ անդամներից մեկը: Համաժողովն այս առումով ևս նշանակալի էր, քանի որ հայկական կողմից ոլորտի մի շարք նվիրյալներ պարգևատրվեցին հոբելյանական հուշամեդալներով:

Ներկայումս Հայկական ԱԷԿ-ը՝ որպես շահագործող կազմակերպություն, սկսում է մեր երկրի համար կարևորագույն և պատասխանատու 2 նախագծի իրականացումը, որոնք ներառված են Հայաստանի Հանապետության՝ մինչև 2040թ. էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում, այն է՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացումը և ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ միության անդամ կազմակերպությունների երկարամյա հարուստ փորձի, փոխադարձ աջակցության շարունակական ավանդույթների և իհարկե ոլորտային մասնագետների հարուստ գիտելիքների շնորհիվ կհաջողվի ուրվագծել կարևոր այս նախագծերի իրականացման հնարավորություններն ու հստակ ուղղությունները: