ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ 67-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

03.10.2023

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ 67-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Սույն թվականի սեպտեմբերի 24-ից 27-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ԱԷՄԳ գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Համաժողովի ծրագրով նախատեսված լիագումար նիստերից բացի, կայացել են մի շարք խորհրդակցություններ և բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են առաջնային կարևորության բազմաթիվ հարցեր:

Այցի շրջանակներում կայացել է հանդիպում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տեխնիկական համագործակցության» դեպարտամենտի ղեկավարի հետ, քննարկվել են ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ապահովման գործում Հայկական ԱԷԿ-ին տեխնիկական համագործակցության, փորձագիտական, գիտատեխնիկական և տեղեկատվական-խորհրդատվական աջակցության ակտիվացման հեռանկարները:

Համաժողովի շրջանակներում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ ՀԱԷԿ-ի անվտանգության պատշաճ մակարդակի ապահովմանն ուղղված առավել բարդ, երկարաժամկետ միջոցառումների իրականացման ուղիների թեմայով:

Գլխավոր համաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև ԱԷՄԳ-ի և Հայաստանի միջև միջուկային ոլորտում 30-ամյա համագործակցությանը նվիրված ընդունելություն և ցուցահանդես, որի  ընթացքում ցուցադրվել են այդ համագործակցության մասին պատմող  իրադարձային լուսանկարներ: