ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԻՆ

04.10.2024

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԻՆ

Հայկական ատոմային էլեկտրակայանի պատվիրակությունը , որը ղեկավարում էր «ՀԱԷԿ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, մասնակցել է 2024 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ՇԿՀԱ Ռազմավարության, կառավարման և նշանակումների կոմիտեի նիստին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ավելի քան 400 մասնակից 35 երկրներից: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը երկրորդ անգամ ընտրվել է  ՇԿՀԱ  Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ հաջորդ երկու տարիների համար:
Հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ասոցիացիայի ղեկավար կազմը և տարածաշրջանային հինգ կենտրոնների նախագահները, քննարկվել են ՇԿՀԱ անդամակցության, նոր անդամների ներգրավման և նրանց աջակցության, ինչպես նաև այդ գործընթացում որոշ հիմնավորված փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Քննարկումների ընթացքում ընդգծվել է ասոցիացիայի արժեքավոր դերը՝ էներգաբլոկների անվտանգ շահագործման և շահագործման ժամկետի օպտիմալացման ապահովման հարցերում:
Անցկացվել է նաև տեխնիկական ղեկավարների/գլխավոր ճարտարագետների (ԳՃ) գլոբալ ֆորումը, որին մասնակցում էր Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը՝ նպատակ ունենալով զգալի ներդրում ունենալ ԱԷԿ-ների ապագա անվտանգ շահագործման գործում: Վերոնշյալ  ֆորումի շրջանակներում անցկացվեցին նիստեր, որոնք նվիրված են այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են  «Ընթացք դեպի կատարելություն»  նախաձեռնությունը,  «Նշանակալի պատահարների  նվազեցումը» ,  «Ոլորտային աշխատանքային խմբի գործունեությունը», «Պատասխանատվության ստանձնումը գործունեության ցուցանիշների և կատարելագործված մոնիթորինգի նկատմամբ» և այլն:
Տեղի ունեցավ նաև երիտասարդական շարժման ֆորումը, որը նվիրված էր ապագա սերնդին, նրանց զարգացմանը և ատոմային ոլորտում ուժեղ, իրազեկ մասնագետների կայացմանը: Ֆորումին մասնակցում էր ՀԱԷԿ-ի Շահագործման ժամկետի երկարացման և ռեսուրսի բաժնի գլխավոր մասնագետ և երիտասարդական շարժման ղեկավար Երվանդ Ստեփանյանը:
Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՇԿՀԱ-ի 2024 թվականի ընդհանուր ժողովում կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի միջուկային ոլորտի զարգացման, այնպես էլ միջազգային համագործակցության և գիտելիքների փոխանակման համար: Հայկական ատոմակայանը  լինելով ՇԿՀԱ-ի անդամ, ակտիվ մասնակցում է միջուկային անվտանգության ապահովման գլոբալ ջանքերին։ ՀԱԷԿ-ը, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը, հետևում է անվտանգության միջազգային չափանիշներին և պատրաստ է ներկայացնել իր ունեցած փորձն ու հաջողված ծրագրերը։ ՀԱԷԿ-ի ներկայացուցիչները օգնեցին ատոմային էներգետիկայում սկսնակ երկրներին հասկանալ, թե ինչպես նշված պետությունները կարող են ապահովել միջուկային անվտանգություն՝ շարունակելով կատարելագործվել։