ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

12.03.2025

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ում մետաղական ջարդոնի արձանագրված պակասորդի և մամուլում լայն արձագանք գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

2025 թվականի մարտի 5-ին կայանի պահեստային տնտեսության աշխատակցի կողմից կայանի հսկվող տարածքից դուրս գտնվող պահեստներից մեկի հերթական այցելության ընթացքում տեսողական դիտարկմամբ նկատվել է պահեստավորած մետաղի ջարդոն հանդիսացող պղնձե խողովակների պակասորդ, ինչի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Հարկ ենք համարում նշել, որ այդ խողովակները ապամոնտաժվել են երկարատև կանգում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 1 էներգաբլոկի տուրբինային արտադրամասի չշահագործվող կոնդենսատորից դեռևս 2000-ականների սկզբին և հետագայում տեղափոխվել են պահեստային տնտեսություն՝ որպես ջարդոն օտարման նպատակով։ Այդ խողովակները նպատակային օգտագործման համար պիտանի չեն եղել։ Խողովակների անհետացման փաստը չի կարող ազդել ատոմակայանի անվտանգության կամ անխափան գործունեության վրա, քանի որ դա եղել է մետաղի ջարդոն։ 

Կցանկանանք նշել, որ ՀԱԷԿ-ի պահեստային տնտեսության պահեստների մի զգալի մաս՝ մեկ տասնյակից ավել, գտնվում են կայանի հսկվող արտադրական տարածքից դուրս՝ հարակից տարածքում, որի ընդհանուր մակերեսը գերազանցում է 500 հեկտարը: Այս պահեստներում հիմնականում պահվում են շահագործումից հանված և նպատակային օգտագործման համար ոչ պիտանի սարքավորումներ, ինչպես նաև ապամոնտաժումից առաջացած մետաղի ջարդոն։