Շախմատի առաջնություն

04.04.2025

Շախմատի առաջնություն

Սույն թվականի մարտի 19-ից ապրիլի 3-ը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի ունեցավ 2025 թվականի շախմատի անհատական ամենամյա առաջնությունը։ Այս մրցաշարը վաղուց արդեն դարձել է կայանի մշակութային և մարզական կյանքի անբաժան մասը՝ հնարավորություն ընձեռելով աշխատակիցներին մրցել ինտելեկտուալ խաղի հարթակում և զարգացնել տրամաբանական մտածողությունը։

Աշխատակիցների շրջանում շախմատն արժանացել է մեծ հետաքրքրության, և այս տարի առաջնությանը մասնակցեցին 15 շախմատասերներ։ Այն կազմակերպվել էր ՀԱԷԿ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Յուրի Դոլինյանի և մշակութային ու մարզական միջոցառումների կազմակերպիչ Յուրի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։

Մրցակցությունը բավականին լարված էր, և հաղթանակի համար պայքարը շարունակվեց մինչև վերջին խաղափուլը։ Արդյունքում, առաջինից երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Սևակ Զաքարյանը, Արման Հայրապետյանը և Հարություն Գևորգյանը, որոնք ցուցադրեցին վստահ, կայուն,հավասարակշռված և համոզիչ խաղ։

 

Հաղթողներին պարգևատրեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ով նշեց, որ շախմատն այնպիսի խաղ է, որը ոչ միայն տրամաբանական մտածողություն է զարգացնում, այլև բարելավում է աշխատակիցների կենտրոնացվածությունն ու խնդիրների լուծման հմտությունները՝ ինչը հատկապես կարևոր է ատոմակայանի ոլորտում աշխատողների համար։

Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

ՀԱԷԿ-ում շախմատն ունի երկարամյա ավանդույթներ, և այս առաջնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կայանում աշխատող մասնագետները ոչ միայն բարձրակարգ մասնագետներ են իրենց բնագավառում, այլև հմտորեն կիրառում են իրենց ռազմավարական և տրամաբանական մտածողությունը նաև խաղի սեղանի շուրջ։

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պարբերաբար աջակցում է նման միջոցառումներին՝ խրախուսելով առողջ մրցակցությունը, մտավոր զարգացմանն ուղղված միջոցառումները և աշխատակիցների ակտիվ ժամանցը։