27.05.2022
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎ` ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ս/թ մայիսի 24-ից 27-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր տեղեկատվական արշավ՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:
Ս/թ մայիսի 27-ին Հայկական ԱԷԿ էին այցելել մեդիաարշավի մասնակիցները՝ ՀՀ պետական կառավարման մարմինների, էներգետիկայի ոլորտի ընկերությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ՝ ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Էնդրյու Գոլդայի ուղեկցությամբ:
Հյուրերը նախ ճանաչողական շրջայց կատարեցին կայանի տարածքում, որից հետո ԶԼՄ ներկայացուցիչների հետ կայացած բրիֆինգի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը և ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը: Նրանք ամփոփ տեղեկատվություն ներկայացրին կայանի ընթացիկ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների, համագործակցության ոլորտների, նոր էներգաբլոկի կառուցման և այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ:
Այնուհետև հյուրերն այցելեցին Ուսումնավարժական կենտրոն, որտեղ ուսումնական մակետների միջոցով առավել մանրամասն ծանոթացան ՀԱԷԿ-ի ներքին կառուցվածքին, հիմնական սարքավորումների նշանակությանն ու նրանց աշխատանքի սկզբունքներին:
Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Էնդրյու Գոլդան իր երախտագիտությունը հայտնեց «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին՝ խիստ զբաղվածության պայմաններում մեդիաարշավի մասնակիցներին հյուրընկալելու և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար: